Պոլսահայ անվանի մտավորական, հրապարակախոս, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն, հայտնում է ermenihaber-ը։
Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, հիշատակի միջոցառում կանցկացվի հենց դեպքի վայրում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրատան շենքի դիմաց, հոգեհանգստի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև Բալըքլըի հայկական գերեզմանատանը և Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Դինքի սպանության օրը տեղի կունենա նաև մի շարք հանդիպում քննարկումներ․ հունվարի 19-ին Ստամբուլի տարբեր վայրերում, այդ թվում՝ «Արաս» հրատարակչության «Եսայան» սրահում, կկազմակերպվեն նաև Հրանտի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ, իսկ «Ոմանք» հայկական երաժշտական խումբը Բեյօղլուում հանդես կգա Հրանտի հիշատակին նվիրված համերգով։
Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև Անկարայում, Իզմիրում, Բոդրումում։ Հունվարի 18-19-ը հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Անգլիայում (Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի), ԱՄՆ-ում (Հարվարդ, Լոս Անջելես), Գերմանիայում (Բեռլին, Ուլմ, Աուգսբուրգ), Կանադայում (Օտտավա, Մոնռեալ), Նիդերլանդներում (Ամստերդամ) և Ավստրայում (Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայկական եկեղեցի)։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ։ Սպանությունից անցել է արդեն ուղիղ 13 տարի, բայց դեպքի առթիվ հարուցված դատական գործը դեռ չի ավարտվել։ Դինքի սպանության հրահրման և կազմակերպման մեջ մեղադրվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







