Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին անհրաժեշտություն է համարում Եվրասիայում անվտանգության և տնտեսության ոլորտում մարտահրավերների լուծման համար նոր միջազգային կազմակերպության ստեղծումը, որի մեջ կմտնեն Ռուսաստանը, Թուրքիան և Եվրամիությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախկին նախագահը այս համատեքստում շեշտադրում է այն, որ ժամանակակից միջազգային խնդիրների հաղթահարման համար անհրաժեշտ է ստեղծագործական մոտեցում, իսկ Ռուսաստանին և Եվրամիությանն անհրաժեշտ է փոխադարձ համագործակցություն:
«Գուցե այն ճանապարհ բացի նոր անդամների հետ համագործակցության համար, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը»,-ասել է Սարկոզին:
Նախկին նախագահը կարևոր է համարել նաև ՄԱԿ-ի վերափոխման անհրաժեշտությունը` ժամանակակից իրողություններին հարմարեցնելու համար: Սարկոզին ընդդծել է այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմում ընդգրկված չէ ոչ մի աֆրիկյան կամ լատինաամերիկյան պետություն:
Նախկին նախագահը համաշխարհային մարտահրավերների թվում նշել է Երկիր մոլորակի բնակչության կտրուկ աճը, բլոկային մտածողության ժառանգությունը, Մերձավոր Արևելքում նկատվող միտումները` մասնավորապես նեոօսմանիզմը Թուրքիայում, շիաների և սունիների հակադրությունը, որը հակադրության ձևով դրսևորվում է նաև Իրանում և Սաուդյան Արաբիայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







