Թեհրանի մերձակայքում սխալմամբ կործանված Boeing 737 ինքնաթիռի սև արկղերը կուղարկվեն Ուկրաինա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի պետ Հասան Ռեզայեֆարը։
«Մենք կրկին խորհրդակցություններ ենք անցկացրել ուկրաինացի փորձագետների հետ և հաստատել ենք, որ Իրանում սև արկղերը վերծանել հնարավոր չէ։ Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը։ Համաձայն Ուկրաինայի ցանկության՝ ինքնաթիռի սևարկղերը կուղարկվեն այդ երկիր»,- Ռեզայեֆարի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Պաշտոնյան հավելել է, որ «Ֆրանսիայից,Կանադայից և ԱՄՆ-ից փորձագետների օգնությամբ սև արկղերը կփորձեն վերծանել Կիևում»: «Եթե այդ փորձը հաջողությամբ չպսակվի, ինքնաթիռի սևարկղերը կուղարկվեն Ֆրանսիա», — նշել է նա:
Ուրբաթ օրը Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը կրկին հարցում է ուղարկել Իրան՝ խնդրելով Կիևին հանձնել կործանված ինքնաթիռի սև արկղերը։ Նախորդ հարցումով Ուկրաինան Իրանին դիմել էր հունվարի 15-ին։ Նույն օրը Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուվինը հայտնել է, որ փորձագետների միջազգային խումբը կսկսի ինքնագրիչների վերծանումը հունվարի 20-ին Կիևում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







