Եվրամիությունը կրկին ընդգծել է Կիպրոսի ափերի մոտ՝ Միջերկրական ծովում, Թուրքիայի հորատման աշխատանքների ակտիվացման հետ կապված երկխոսությանը նպաստող կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի Բրյուսելում կատարած հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում հետախուզական և հորատման աշխատանքներ սկսելու Թուրքիայի մտադրությունը, ցավոք, հակառակ ուղղությամբ է ընթանում։
ԵՄ-ն կրկին հիշեցրել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի հորատման գործունեության վերաբերյալ իր դիրքորոշման մասին։ Հայտարարությունը կապված է նաև թուրքական իշխանությունների վերջին հայտարարության հետ, ըստ որի Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքներ իրականացնելու համար «Յավուզ» նավը կուղարկվի տարածաշրջան։
Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի հայտարարությանը, հայտնել էր, որ թուրքական «Յավուզ» հորատման նավը ուղղություն կվերցնի դեպի Կիպրոսի ափեր։ Նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի հորատման աշխատանքները նաև Սև ծովում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







