Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, առնվազն 10 պետությունների և կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, մեկնարկել է Լիբիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որն անցկացվում է Գերմանիայի Դաշնային կանցլերի գրասենյակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ակնկալվում է, որ առանցքային պայմանավորվածությունները կամրագրվեն համաժողովի եզրափակիչ փաստաթղթում: Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ավելի վաղ արած հայտարարության՝ դրանք գրեթե համաձայնեցված են: Ենթադրվում է, որ համաձայնություններ կկայացվեն հրադադարի ռեժիմի, հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ստեղծման, Լիբիա զենքի ներկրման արգելքի իրականացման, Լիբիայում տնտեսական բարեփոխումների շուրջ։
Համաժողովին մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, Ալժիրի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Չինաստանի ներկայացուցիչներ: Բեռլին են ժամանել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար դաշտային մարշալ Խալիֆա Հաֆթարը:
Ակնկալվում է, որ նրանք չեն մասնակցելու հիմնական քննարկումներին և կներգրավվեն հանդիպման աշխատանքներին վերջում, եթե մյուս մասնակիցները համաձայնեն վերջնական փաստաթղթի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







