Հունվարի 19-ին Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային խորհրդաժողովի մասնակիցները վերջնականապես համաձայնեցրել են փաստաթղթի տեքստը, որը, ինչպես սպասվում է, կընդունվի հանդիպման արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր մի քանի դիվանագիտական աղբյուրներին։
Աղբյուրի համաձայն՝ համաձայնեցված փաստաթղթով առաջարկվում է Լիբիայում հակամարտության կարգավորման գործընթացը բաժանել վեց «զամբյուղների»՝ կրակի դադարեցում, զենքի էմբարգոյի իրականացում, քաղաքական գործընթաց, անվտանգության ոլորտի բարեփոխում, տնտեսական բարեփոխում, հումանիտար և մարդու իրավունքների նորմերի պահպանում:
Հայտարարության նախագծում բոլոր մասնակիցներին առաջարկվում է հրաժարվել երկրում զինված հակամարտությանը միջամտելուց։ Կոչ է արվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք կխախտեն Լիբիա զենքի ներկրման արգելքը:
Եթե հայտարարությունն ընդունվի, դրանում պարունակվող որոշումների կատարմամբ կզբաղվի ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծված հատուկ միջազգային մեխանիզմը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







