Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հնարավորություն չի տրվել ելույթ ունենալ Իսրայելում Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովում, որը նվիրված է Աուշվից նացիստական ճամբարի ազատագրման 75-ամյակին: Այս մասին Զելենսկին հայտնել է The Times of Israel պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեզ չեն հրավիրել ելույթ ունենալ։ Բայց ամեն դեպքում ես ներկա կլինեմ այդ արարողությանը»,- ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ յուրաքանչյուր չորրորդ հրեա, որը զոհվել է Հոլոքոսթի հետևանքով, ծնունդով Ուկրաինայից էր, և արդարացի կլիներ, որ ինքը հանդես գար ելույթով:
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել էր Ուկրաինայում հրեաների սպանության համար պատասխանատուների փառաբանումը՝ ընդգծելով, որ Հոլոքոսթի մասին հիշողությունը չի կարող երկրի ներքին գործը լինել:
Ի պատասխան Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պաշտոնական Կիևը դատապարտում է անհանդուրժողականության ցանկացած դրսևորում, իսկ Հոլոքոստի ողբերգության մասին պատմական հիշողության պահպանումը կմնա երկրի պետական քաղաքականության կարևոր ուղղությունը:
Նշենք, որ Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը տեղի կունենա հունվարի 22-23-ը Իսրայելում գտնվող «Յադ Վաշեմ» հուշահամալիրում: Համաժողովին մասնակցելուց ավելի վաղ հրաժարվել էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ում միջոցառման կազմակերպիչները նույնպես խոսք չէին տվել: Ընդ որում, մի շարք ԶԼՄ-ների կարծիքով, Լեհաստանի նախագահի այցի չեղարկման գլխավոր պատճառներից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունն է, ով միջոցառմանը կմասնակցի գլխավոր հյուրի կարգավիճակում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







