Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նամակ է գրել Եվրամիության ներկայացուցչությանը՝ կապված երկրի ներկայացուցչին Ադրբեջան մուտք գործելու արգելքի հետ :
Այս մասին փոխանցում է Tert.am- ը՝ հղում անելով Европейская правда- ին : Ադրբեջանը մերժել է թույլ տալ Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչին մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության հովանու ներքո երկրում անցկացվող պաշտոնական միջոցառմանը՝ վերջինիս հայկական ծագման պատճառով: Խոսքը «Հակամարտությունների վերլուծություն» սեմինարի մասին է, որն անցկացվել է հունվարի 13-16-ը` Բաքվում:
Այս մասին ուկրաինական պարբերականին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը՝ ներկայացնելով ԵՄ-ին ուղղված դիմումի կրկնօրինակը:
«Անվտանգության և պաշտպանության եվրոպական քոլեջի» պաշտոնական հրավերով, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է միջոցառմանը մասնակցելու թեկնածուի անունը, որն ընդգրկվել է պատվիրակության կազմում: Ուկրաինայի ներկայացրած թեկնածուները հաստատվել են եվրոպական քոլեջի կողմից, որոնք հատուկ ուսուցում են անցել: Միևնույն ժամանակ, տեղեկություն է ստացվել, որ ՆԳՆ ներկայացուցչի մասնակացությունը միջոցառմանն անհնարին է դարձել ադրբեջանական կողմից երկիր մուտք գործելու մերժման պատճառով, որը պայմանավորված էր Ուկրաինայի ներկայացուցչի հայկական ծագմամբ»,- ասվում է փաստաթղթում:
Նամակում չի նշվում այդ աշխատակցի անունը, սակայն պարբերականի տվյալներով՝ խոսքը միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման վարչության տնօրեն Մերի Հակոբյանի մասին է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







