Թոքաբորբի հետևանքով մահացությունը, որը հարուցվում է կորոնավիրուսի նոր տեսակից, այժմ Չինաստանում կազմում է 2,5 տոկոս, « Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:
«Այժմ ապաքինումից հետո որևէ ակնհայտ հետևանքներ չեն հայտնաբերվել, որոշ ժամանակ անց դուրս գրվածների թիվը, հավանաբար, շատ կաճի։ Հաստատված ախտորոշմամբ հիվանդների շրջանում մահացությունը ներկայում կազմում է 2,5 տոկոս», — ասել է Չժուն Նանշանը՝ չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ այս պահին բժիշկներն օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի վերահսկեն հիվանդների վիճակը, հատկապես նրանց, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Չինացի փորձագետների տվյալներով՝ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ 1-2 մետր հեռավորությունից, ինչպես նաև կոնտակտային եղանակով՝ կեղտոտ ձեռքերով աչքերին հպվելու միջոցով: Հիվանդության հիմնական ախտանիշներն են չոր հազը, բարդ շնչառական անբավարարությունը, մարմնի բարձր ջերմաստիճանը, թուլությունը: Սակայն, որոշ դեպքերում, հիվանդությունը զարգանում է առանց թոքաբորբի, միայն ուղեկցվում է հազվագյուտ չոր հազով և ցածր ջերմաստիճանով, բայց նույնիսկ թույլ արտահայտված ախտանիշների դեպքում հիվանդը կարող է վարակել ուրիշներին։
Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը 2019-nCoV Կորոնավիրուսն է։ Չինաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 259 մարդ, վարակվել է մոտ 11,7 հազար մարդ, դուրս է գրվել 243 մարդ: Ավելի քան 100 մարդ Է հիվանդացել Չինաստանից դուրս։ ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







