ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր ժամանել է Ուզբեկստան։ Պոմպեոն կհանդիպի Ուզբեկստանի ղեկավարության հետ երկկողմ և քննարկումներ կունենա տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ, ինչպես նաև կմասնակցի «Կենտրոնական Ասիա – ԱՄՆ» («C5+1») ձևաչափով նախարարական հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուզբեկստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությանը։
Տաշքենդում ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Ուզբեկստանի նախագահի և ԱԳ նախարարի հետ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Մինսկ և Նուր-Սուլթան, հանդիպել նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյի և Մուխտար Տլեուբերդիի հետ:
«C5+1» ձևաչափով (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և ԱՄՆ) համաժողովը հիմնադրվել է 2015 թվականի նոյեմբերին Սամարղանդում՝ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարության հանդիպման ժամանակ: Համաժողովի նպատակն է ընդլայնել տարածաշրջանի երկրների և ԱՄՆ-ի հարաբերությունները տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և անվտանգության ոլորտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







