Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ջիդդայում հանդիպել է Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ, հայտնում է «Անադոլու»-ն։ Հանդիպումը կայացել է այսօր՝ փետրվարի 3-ին, Իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության Գործադիր կոմիտեի արտահերթ նիստից առաջ։
Նշվում է, որ Իսլամական պետությունների համագործակցության կազմակերպության արտահերթ նիստը գումարվում է Պաղեստինի կոչով ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքի» քննարկման նպատակով։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն առաջարկել է Երուսաղեմն Իսրայելի անբաժանելի մայրաքաղաք դարձնել, Երուսաղեմի մի հատվածը զիջել Պաղեստինին, Հորդանան գետի հովտի տարածքի մեծ մասը հանձնել Իսրայելի վերահսկողությանը, իսկ սուրբ վայրերի վերահսկողությունը Իսրայելն ու Պաղեստինը համատեղ կիրականացնեն։
Թրամփը նաև խոստացել է Արևելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք և այնտեղ բացել ամերիկյան դեսպանատուն: Խոսքը բաժանարար պատից դուրս թաղամասերի մասին է, այլ ոչ թե Հին քաղաքի։
Պաղեստինի մասնատված տարածքները՝ արևմտյան ափը և Գազայի հատվածը, պետք է միացվեն թունելով։
Գործարքի երկրորդ մասը տնտեսական բաղադրիչն է, որը հրապարակվել է դեռևս անցյալ տարվա հունիսին։ ԱՄՆ-ը խոստացել է Պաղեստինում 50 մլրդ դոլարի ներդրում իրականացնել՝ շուրջ 200 նախագծերի իրականացման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







