Իրանի Արտգործնախարար Մոհհամադ Ջավադ Զարիֆը փետրվարի 3-ին Թեհրանում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է միջուկային գործարքի շուրջ ձևավորված իրադրությունը: Կողմերը քննարկել են նաև իրադրությունը Մերձավոր Արեւելքում և աշխարհում ընդհանրապես: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով իրանական ISNA տեղեկատվական գործակալությանը:
Ավելի վաղ Իրանի Արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Զարիֆը 14 էջից բաղկացած ուղերձ է նախապատրաստել Բորելի համար միջուկային գործարքի վերաբերյալ Եվրոպայի վերաբերմունքի մասին հարցերով:
Դիվանագետի խոսքով` «Իրանը շատ հարցեր ունի Եվրոպային ուղղված, քանի որ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԵՄ-ն դրսևորել է անգործություն և անունակություն ամերիկյան ճնշման նկատմամբ»:
Միջուկային գործարքի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ պլանի ապագան հարցականի տակ է դրվել ԱՄՆ-ի կողմից գործարքից միակողմանի դուրս գալուց հետո 2018թ. մայիսի 8-ին և Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ նավթի արտահանման ոլորտում տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց հետո:
Իրանական կողմի պնդմամբ` Գործարքի եվրոպական մասնակիցները բավարար չափով չեն կատարում իրենց պարտավորությունները տնտեսական մասով, այդ պատճառով էլ համաձայնագիրը ներկա տեսքով իմաստ չունի: Իրանը հայտարարել է Պայմանագրի իր պարտավորությունների (ուրանի հարստացում և հետազոտական գործունեություն) փուլային դադարեցման մասին, իսկ հունվարի սկզբին հայտարարել այդ գործընթացի ավարտի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







