ԵՄ-ն չի ընդունում ԱՄՆ առաջարկը՝ մերձավորարևելյան կարգավորման նախաձեռնության շրջանակում ճանաչել Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի կողմից բռնազավթված պաղեստինյան տարածքները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելի հայտարարությանը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային նորմերին ու բանաձևերին համապատասխան` ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը 1967թ. հետո բռնազավթված տարածքների նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Բորելը իր հայտարարության մեջ վերահաստատել է, որ ԵՄ-ն լիովին հավատարիմ է տրանսատլանտյան գործընկերությանը և իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ցանկացած փորձի:
«ԵՄ-ն շարունակում է աջակցել երկու պետության ստեղծման սկզբունքին 1967թ. սահմաններով` ընդունելով այն փոփոխությունները, որոնք ընդունելի կլինեն երկու կողմից»,-ասել է նա:
Բացի այդ Վաշինգտոնն առաջարկել է «անբաժանելի» Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, իսկ «Արևելյան Երուսաղեմը»` Պաղեստինի:
Իսրայելի Վարչապետ Բենյամին Նեթանյահուն կողմ է արտահայտվել նախաձեռնությանը և պատրաստակամություն հայտնել անհապաղ սկսել խաղաղ բանակցությունները: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը և ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները վճռականորեն մերժել են ԱՄՆ նախագահի առաջարկությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







