2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը Չինաստանում գերազանցել է 31,1 հազարը, 636 մարդ մահացել է, 1540-ը վերականգնվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեին։
Չինաստանի իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինում գտնվում է ավելի քան 186 հազար մարդ:
Վարակման առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել՝ Հուբեյ նահանգում՝ 22 հազար։ Այնտեղ մահացել է 618 մարդ, դուրս է գրվել 817-ը։ Բժիշկների մշտական հսկողության տակ է գտնվում ավելի քան 64 հազար քաղաքացի, որոնք սերտորեն շփվել են վարակվածների հետ: Չժեցզյան (վարակման 970 դեպք) և Գուանդուն (վարակման 954 դեպք) նահանգներում վիրուսից մահեր չեն արձանագրվել, ընդ որում՝ 70 և 91 մարդ, համապատասխանաբար, առողջացել են:
Մինչդեռ, ինչպես ուրբաթ հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների փոխնախարար Յու Վեյպինը, Չինաստանի իշխանությունները 66,74 մլրդ յուան (ընթացիկ փոխարժեքով 9,56 մլրդ դոլար) են մոբիլիզացրել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







