Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատները, որոնք Անկարայի կողմից ճանաչվել են ահաբեկչական խմբավորումներ, շարունակում են գտնվել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման տարածաշրջանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Չնայած 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության հետ ձեռք բերված համաձայնությանը, ՔԱԿ և ԺԻՈՒ ահաբեկիչները շարունակում են գտնվել «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման գոտու արևմտյան և արևելյան տարածաշրջաններում: Նրանք շարունակում են կրակ բացել մեր ստորաբաժանումների ուղղությամբ, ինչին մենք պատշաճ կերպով ենք պատասխանում», — նշվում է հաղորդագրության մեջ։
2019 թվականի հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու նպատակով, որը պետք է պաշտպանական գոտի դառնա թուրքական սահմանի համար։Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հուշագիր ընդունեցին Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ համատեղ գործողությունների մասին: Այդ փաստաթղթի համաձայն՝ ռուսական ռազմական ոստիկանությունը և սիրիացի սահմանապահները հոկտեմբերի 23-ի կեսօրից մտել են այն շրջաններ, որոնք սահմանակից են Թուրքիայի կողմից ստեղծվող անվտանգության 30-կիլոմետրանոց գոտուն:
Հոկտեմբերի 29-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ քրդերն ավարտել են այնտեղից իրենց զինված ստորաբաժանումների հեռացումը, իսկ նոյեմբերի 1-ից ռուս և թուրք զինվորականները համատեղ պարեկություն են սկսել Եփրատ գետից արևելք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







