Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնատար անձինք շաբաթ օրը Անկարայում կայացած բանակցություններում որոշում են կայացրել շարունակել շփումները Սիրիայի Իդլիբի իրադրության շուրջ հաջորդ շաբաթ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունից։
«Պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Իդլիբում։ Հիմնականում ուշադրություն է դարձվել այն քայլերին, որոնք կարող են ձեռնարկվել երկրում հանգստություն ապահովելու և քաղաքական գործընթացն առաջ մղելու համար: Որոշվել է բանակցությունները շարունակել առաջիկա շաբաթում», — հայտնել են արտաքին քաղաքական գերատեսչությունից։
ԱԳՆ-ում հայտարարել են, որ թուրքական պատվիրակությունը շփումների ընթացքում գլխավորել Է ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը, իսկ ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը և սիրիական կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Բացի այդ, բանակցություններին մասնակցել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլխավոր շտաբների և հետախուզական ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Շփումներն անցկացվել են Թուրքիայի մայրաքաղաքում երկու փուլով և տևել են առնվազն երեք ժամ։ Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունները պայմանավորված են Իդլիբում իրավիճակի սրմամբ։ Ինչպես ավելի վաղ նշել էին ՌԴ ԱԳՆ-ում, ռուս և թուրք զինվորականները լռության ռեժիմ սահմանելու հերթական փորձն են ձեռնարկել, սակայն ահաբեկիչները միայն ուժեղացրել են իրենց հարձակումները: Արդյունքում զոհվել են ռազմական մասնագետներ ՌԴ-ից և Թուրքիայից։ Սիրիական բանակը պատասխան գործողություններ է ձեռնարկել ծայրահեղականների դեմ ՝ փետրվարի 5-ին վերցնելով Իդլիբի մերձակայքում գտնվող Սարակիբ քաղաքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







