Օլիմպիական չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը հանդես կգա ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան փետրվարի 7-ին պաշտոնապես ներկայացրել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նոր անդամին՝ 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովին:
Փորձառու ըմբիշը շնորհակալություն է հայտնել վստահության և իրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու համար և ընդգծել է՝ ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի իր հետ կապված սպասելիքները. «Շատ ուրախ եմ հենց այս հավաքականին միանալու համար, մոտիվացված և լավ տրամադրված եմ: Գլխավոր նպատակը, իհարկե, Օլիմպիական խաղերն են: Կարծում եմ՝ բոլորս միասին լավ կպատրաստվենք և ամեն ինչ կանենք ամենաբարձր մակարդակով հանդես գալու համար: Կանեմ հնարավորը օլիմպիական մեդալ նվաճելու համար»,- ասել է Հ. Գացալովը:
Հաջիմուրադ Գացալովը Հայաստանը կներկայացնի 97 կգ քաշային կարգում: Փետրվարի 10-16-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նա չի մասնակցի, առաջին պաշտոնական մրցաշարը կլինի մարտի 19-22-ին Բուդապեշտում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







