Մեկօրյա այցով ՀՀ-ում էր Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Ողջունելով Եվրոպական խորհրդի նախագահին ՀՀ կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Վարչապետը կարևորել է ԵՄ հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում և նշել, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացմանը: Եվրոպացի դիվանագետն էլ իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և նոր կառավարության հետ սկսած արդյունավետ շարունակական երկխոսությունը՝ ուղղված երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու սերտացմանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հայաստանի վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ խոսելով անկախ դատաիրավական համակարգի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դատական անկախ համակարգի կայացումը Հայաստանի համար օրակարգային առաջնահերթություն է, և եվրոպական կառույցների, այդ թվում՝ Եվրամիության տեխնիկական և ֆինանսական օժանդակությունն այդ գործընթացին մեծ կարևորություն ունի մեր երկրի համար: Դոնալդ Տուսկը նշել է, որ եվրոպական կողմը լիովին վստահում է ՀՀ վարչապետի և կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը և իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու Հայաստանին այդ բարեփոխումը հաջողելու հարցում:
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ հետագա քայլերին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է առաջիկայում այս ուղղությամբ առարկայական երկխոսությունը մեկնարկելու հարցում: ԵԽ նախագահ Տուսկն ասել է, որ Հայաստանի վարչապետի ուղերձը կփոխանցի ԵՄ անդամ պետություններին:
Կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման ընթացքի շուրջ, կարևորել դրա գործընթացի շուտափույթ ավարտին հասցնելը: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2019 թ. հունիսի 1-ին ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ներդրումային համաժողովի կազմակերպման հնարավորություններին:
Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդիրը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու տրամաբանությանը և երախտագիտություն հայտնել ԵՄ կողմից այս հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար: Դոնալդ Տուսկն էլ իր հերթին նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը շրջել են Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայում և այցելել Երևանի Եվրոպայի հրապարակ: Ավելի ուշ Դոնալդ Տուսկին ընդունել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այնուհետև եվրոպացի պաշտոնյան մեկնել է Բաթումի՝ մասնակցելու Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







