Անցյալ շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռուսական C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) բաղադրիչների մատակարարման առաջին փուլի ավարտի մասին: Նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով նորագույն զենիթահրթիռային համակարգերը կգործակցեն հաջորդ տարվա ապրիլին։
Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, որ C-400-ները ձեռք բերելու Թուրքիայի որոշումն անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին: Մինչ օրս Թուրքիան միայն 4 ինքնաթիռ է ձեռք բերել։ Սակայն դրանք գտնվում են ԱՄՆ-ի տարածքում, իսկ մնացած 96 կործանիչների պատվերը չեղյալ է հայտարարվել ։
Հիշեցնենք, որ Մոսկվան և Անկարան 2017 թ․ դեկտեմբերին համաձայնագիր են կնքել Անկարային C-400 զենիթահրթիռային համալիրների չորս դիվիզիոն մատակարարելու մասին: Գործարքի ընդհանուր գումարը կազմել է 2,5 մլրդ դոլար։
Թուրքիայի որոշումը՝ խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը Մոսկվայի հետ հստակորեն հաշվարկված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի գլխավոր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հարաբերությունները արդեն մեկուկես տասնամյակ է ինչ աստիճանական կերպով վատթարանում է։
Մասնավորապես, 2003 թ․ Անկարան հրաժարվեց Վաշինգտոնին տրամադրել իր տարածքը Իրաք ներխուժելու համար ՝ դրանով իսկ ցուցադրելով իր հավակնություններն ու անկախությունը։
2016 թ-ից թուրքական ղեկավարությունը գրեթե ուղղակիորեն մեղադրում է Վաշինգտոնին Էրդողանի դեմ հեղաշրջման փորձին աջակցելու մեջ, քանի որ Միացյալ Նահանգները մինչ օրս իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին չի հանձնում։ Համաձայն Անկարայի մոտեցման՝ հենց Գյուլենն է Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման կազմակերպիչը։
ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերը բախվում են նաև աշխարհաքաղաքական մի շարք հարցերի շուրջ, կան նաև լուրջ աշխարհաքաղաքական տարաձայնություններ։ ԱՄՆ-ն բացահայտորեն, այդ թվում ՝ զենքով, աջակցում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդական զինված կազմավորումներին, որոնց Թուրքիան համարում է իր անվտանգության սպառնալիք։
Թուրք-ամերիկյան ճգնաժամը, անշուշտ, համընկնում է Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերի հետ։ Սա է Անկարայի հետ հարաբերությունների ներկայիս բարելավման պատճառներից մեկը։ Մի կողմից Անկարան տարածաշրջանում լուրջ ռազմավարական գործընկեր է ձեռք բերում, մյուս կողմից ՝ ակնհայտորեն թուլանում են Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքերը Ռուսաստանի հարավային սահմաններում և Սև ծովի ավազանում։
ՆԱՏՕ-ի ամենալուրջ ճգնաժամը վերջին տասնամյակների ընթացքում հարցականի տակ է դնում կազմակերպության արդյունավետությունը։ Բրյուսելում արդեն խոսում են Թուրքիայի անվստահության մասին, որն, ի դեպ, դաշինքում մեծությամբ երկրորդ բանակն ունի։
Այսօրվա դրությամբ արդեն հնչում են փորձագետների (առայժմ միայն փորձագետների) ձայները Թուրքիայից ՆԱՏՕ-ի բազաների դուրսբերման մասին։ Իսկ ոմանք նույնիսկ առաջարկում են Թուրքիային երկիրը հեռացնել դաշինքից։
Ի դեպ, Հյուսիսատլանտյան պայմանագիրը, որի համաձայն ստեղծվել է ՆԱՏՕ-ն, նման ընթացակարգ չի նախատեսում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն դուրս գալ դաշինքից ։ Հոդված 13-ի համաձայն (http://www.nato.int/cps/en/natolive/official_texts_17120.htm) Հյուսիսատլանտյան պայմանագրի ցանկացած պայմանավորվող կողմ կարող է դուրս գալ դաշինքից Մեկ տարի անց այն բանից հետո, երբ նա ծանուցի ԱՄՆ-ին իր կողմից պայմանագրի լուծման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







