Իսրայելը հաստատել է օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու ծրագիրը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հայտարարությանը:
E1 գոտում շինարարական նախագիծի մասին նախկինում հայտարարել էր Սմոտրիչը, և այն օգոստոսի 20-ին վերջնականապես հաստատել է Իսրայելի պաշտպանության նախարարության պլանավորման կոմիտեն: Ծրագիրը նախատեսում է 3400 նոր բնակարանային միավորի կառուցում Մաալե Ադումիմ բնակավայրի մոտ: Նախագիծը սառեցվել էր 2012 և 2020 թվականներին՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առարկությունների պատճառով:
Գործակալությունը նշում է, որ դրա իրականացումը կբաժանի Արևմտյան ափը և կկտրի այն Արևելյան Երուսաղեմից: Սմոտրիչը նախագծի հաստատման կապակցությամբ հայտարարության մեջ նշել է, որ «պաղեստինյան պետությունը ջնջվում է ոչ թե կարգախոսներով, այլ գործողություններով»:
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հայտարարությունը՝ նշելով, որ E1 բնակավայրը կմեկուսացնի տարածքում ապրող պաղեստինյան համայնքները և կխաթարի երկու պետությունների միջև հակամարտության լուծման հնարավորությունը: Իսրայելի որոշումը դատապարտվել է ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և այլ երկրների կողմից:





































