Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի հարավում գտնվող ռազմական թիրախներին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ապստամբները մտադիր են շարունակել իրենց հարձակումները մինչև Իրանի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիայի դադարեցում, ասվում է արմատականների կողմից ձևավորված զինված ուժերի հայտարարության մեջ։
«Եմենի զինված ուժերն իրականացրել են իրենց առաջին ռազմական գործողությունը՝ օգտագործելով բալիստիկ հրթիռներ՝ ուղղված Իսրայելի կարևոր ռազմական օբյեկտներին Պաղեստինի հարավում», - ասվում է հայտարարության մեջ։
Եմենի ապստամբների խոսքով՝ հարձակումը «հաջողությամբ հասել է իր նպատակներին» և իրականացվել է Իրանի և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման գործողությունների հետ համահունչ։ Հութիները մտադիր են նմանատիպ ռազմական գործողություններ իրականացնել մինչև «բոլոր դիմադրության ճակատներում ագրեսիայի դադարեցումը»։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ թիրախներին: Հակամարտությունից տուժել են տարածաշրջանի բոլոր երկրները։





































