Պարսից ծոցի ամենամեծ ավիաընկերությունը՝ Emirates-ը, վերսկսում է լիարժեք չվերթերը, չնայած Դուբայի օդանավակայանի կենտրոնն Իրանի հարձակման թիրախ է դարձել, գրում է Independent-ը։
Ավիաընկերությունը հայտարարել է, որ ուշադիր կհետևի իրավիճակին։ Մինչ Emirates-ն ավելացնում է Դուբայից և դեպի Դուբայ չվերթերը, Virgin Atlantic-ը դադարեցնում է։ Virgin Atlantic-ը նախատեսում է ևս մեկ չվերթ դեպի Դուբայ և մեկ հետադարձ չվերթ, որից հետո կդադարեցնի այս երթուղով գործունեությունը մինչև պատերազմի ավարտը։
Qatar Airways-ը նախատեսում է վեց ուղևորատար չվերթ դեպի Դոհայի կենտրոն երկուշաբթի՝ մարտի 9-ին։
Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ մարտի 7-ին իրանական անօդաչու թռչող սարք էր վթարի ենթարկվել, ինչի հետևանքով օդանավակայանը դադարեցրել էր գործունեությունը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մարտի 7-ի առավոտյան դրությամբ՝ Աբու Դաբիում գտնվող Հայաստանի դեսպանատանը գրանցվել էր ԱՄԷ-ում մնացած 183 ՀՀ քաղաքացի։ 37 քաղաքացի գրանցվել էր մարտի 8-ին Օման տեղափոխվելու համար։ Նրանցից մոտ 30 ՀՀ քաղաքացի Դուբայից FlyDubai-ի չվերթով ժամանել էր Երևան։
Փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանի օդային տարածքը դարձել է ոչ անվտանգ: Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը խորհուրդ է տվել ավիագործակալներին խուսափել Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքներից:






































