Փետրվարի 3-12-ն ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում հարձակվել են «Իսլամական պետության» (ISIS) հետ կապված ավելի քան 30 թիրախի վրա, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
CENTCOM-ը նշել է, որ ԱՄՆ ինքնաթիռները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերը, հարվածել են խմբավորմանը պատկանող զենքի պահեստներին և ենթակառուցվածքներին։
«CENTCOM-ի ուժերը 10 հարված են հասցրել Սիրիայում ԻՊ-ի ավելի քան 30 թիրախի՝ շարունակելով ռազմական ճնշում գործադրել խմբավորման ահաբեկչական ցանցի մնացորդների վրա»,- ասվում է X-ում տարածված հայտարարության մեջ։
Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ԱՄՆ-ն ևս հինգ հարված էր հասցրել ԻՊ թիրախներին։
CENTCOM-ը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներն սկսել է Hawkeye Strike գործողությունը, երբ ԻՊ-ի ահաբեկիչները 2025 թվականի դեկտեմբերի 13-ին Պալմիրայում հարձակվել էին ամերիկյան և սիրիական ուժերի վրա, որի հետևանքով զոհվել էին ամերիկացի երկու զինծառայող և մեկ թարգմանիչ։ Երկու ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները հարվածել է ԻՊ-ի շուրջ 100 թիրախի ուղղությամբ՝ սպանելով կամ գերի վերցնելով խմբավորման ավելի քան 50 անդամի։




































