Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը շնորհակալություն է հայտնել 2025թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար՝ նշելով, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում:
«Մեծ պատիվ է տարվա արդյունքներով Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալը։ Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին, ինձ աջակցողներին։ Այս տարին հեշտ չէր, սակայն հենց այդպիսի պահերն են մեզ ձևավորում»,- գրել է նա Տելեգրամում:
Սպերցյանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի հավաքականին, թիմակիցներին, մարզչական շտաբին:
«Հպարտ եմ, որ միջազգային մրցասպարեզում Հայաստանի ներկայացնելու հնարավորություն ունեմ։ Եվ, իհարկե, շնորհակալ եմ երկրպագուներին։ Ձեր աջակցությունն զգացվում է նույնիսկ ստադիոնի սահմաններից դուրս։ Մենք շարունակում ենք աշխատել։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- գրել է ֆուտբոլիստը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 26-ին ներկայացրել էր Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» և «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակների քվեարկության արդյունքները: 17 ձայնով լավագույն ֆուտբոլիստ էր դարձել Սպերցյանը, լավագույն մարզիչ՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը:






































