Երևանի Գնունու շուկայի տնտեսվարողների հետ 3 ամսից ավելի բանակցություններ են տարվել՝ դրանք ապամոնտաժելու շուրջ, այսօր լրագրողներին ասաց քաղաքապետարանի Քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանը: Քաղաքապետարանն առավոտից ապամոնտաժում էր Գնունի շուկայի առաջին գծի տաղավարները։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում:
«3-4 ամիս բանակցություններ ենք վարել, նրանք խնդրել են հնարավորություն և ժամանակ տրամադրել մինչև սեպտեմբերի 30-ը»,- նշեց Խոջոյանը:
Այդ ժամանակահատվածից հետո նախատեսվում էր, որ տնտեսվարողները պետք է տեղափոխեին իրենց ապրանքներն ու ազատեին տարածքները:
Կրպակներում ոչ մի ապրանք չկար, լրագրողներին հավաստիացրեց Հասարակական կարգի պահպանության ծառայության երկրորդ բաժնի պետ Աբել Հովհաննիսյանը: Նա ասաց, որ կրպակներից մարդիկ իրենց երկաթներն են տեղափոխում աղբի մեջից:
Նա հերքեց պնդումները, թե կրպակներում ապրանքներ կային, որոնք քաղաքացիները չեն հասցրել հեռացնել:
Ինչ վերաբերում է տնտեսվարողների փոխհատուցմանը կամ այլ վայր տեղափոխվելուն, Խոջոյանի խոսքով՝ նման հստակ որոշում այս պահին չկա:
Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ Երևանի մյուս շուկաների մասով ևս քննարկումներ են ընթանում, սակայն առաջնահերթություններ կան, որոնց թվում նա նշեց կենտրոնական հատվածում նման աշխատանքների անհրաժեշտությունը։
Գնունու շուկան գտնվում է Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում և հայտնի է որպես շինանյութերի խոշորագույն առևտրային կետերից մեկը: Քաղաքապետարանից պնդում են, որ տաղավարներն ապօրինի են տեղադրվել։ 2023 թվականի փետրվարին շուկայի գործունեությունն արդեն դադարեցվել էր հրդեհային անվտանգության նորմերի խախտումների պատճառով։




































