Դատարանը կալավանորել է Ս.Վ.-ի նկատմամբ սպանության փորձի կասկածանքով ձերբակալված մեղադրյալ Ռ.Փ.-ին, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հաղորդում են, որ Ռ.Փ.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, քննությամբ դեռևս չպարզված շարժառիթներով նպատակադրվելով ապօրինաբար կյանքից զրկել Ս.Վ.-ին, ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված «Байкал-442» մոդելի ակոսափող հրազեն և դրանից կրակելու համար նախատեսված թվով 8 փամփուշտ։
Կոմիտեից հայտնում են, որ տեղյակ լինելով Ս.Վ.-ի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում քննվող քրեական գործով նշված օրը կայանալիք դատական նիստի մասին՝ նա գնացել և դարանակալել է դատարանի վարչական շենքի մոտակայքում։ Այն բանից հետո, երբ Ս. Վ.-ն գնացել է հիշյալ դատարանի նստավայրի ավտոկայանատեղի, Ռ.Փ.-ն մոտեցել է վերջինիս և հրազենով թվով չորս կրակոց է արձակել Ս.Վ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Ս.Վ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բուժօգնություն և հնարավոր է դարձել փրկել նրա կյանքը:
Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
2023 թվականի հոկտեմբերի 21-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է։
Համաձայն «Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ տուժողին պատճառվել է կրծքավանդակի աջ կեսի թափանցող հրազենային վիրավորում՝ մուտքի և ելքի անցքերով, ինչպես նաև՝ աջ արմնկային շրջանի հրազենային վիրավորում:
Հոկտեմբերի 18-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ են ստացել, մեկ անձ դիմել է բուժհաստատություն։ Դեպքի առթիվ նախաձեռնել էին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ՝ պատժվում է առավելագույնը 15 տարի ժամկետով)։