Բաքվի դատարանն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ադրբեջանցի վկան անդրադարձել է ենթադրյալ միջադեպի՝ պնդելով, որ «Մնացականյանն իր նկատմամբ բռնություն է կիրառել»։
Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հետաքրքրվում, թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ կարգավիճակում է այդ ժամանակ գտնվել Մնացականյանը և ի՞նչ իրավիճակներում է այդպես գործել։
«Նրանց պետք է ամբողջացնել գեներալի ու Ադրբեջանում դատվող հայերի դեմ գործը, և այդ ճանապարհին 1-2 կեղծ դրվագն այս կամ այն կողմ այլևս ոչինչ չի փոխում»,- նշել է Աբրահամյանը:
Նա հավելել է, որ Մնացականյանը դատարանում խոսել է բոլոր պատերազմներին իր մասնակցության և դրա դրդապատճառների մասին, միաժամանակ՝ հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները:
«Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների»,- եզրափակել է պատգամավորը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իլհամ Մամեդովը նիստում ցուցմունք էր տվել, որ 2002 թվականի մայիսին, Ադրբեջանի զինված ուժերում ծառայության ընթացքում, «հայկական ուժերն իրեն գերի էին վերցրել»։ Մամեդովի խոսքով՝ իրեն «ծեծել և խոշտանգել» էին հայ զինծառայողները, այդ թվում՝ Մնացականյանը։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը հերքել էր մեղադրանքները։






































