Բաքվում հայ գերիների «դատավարության» ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հերքել է ադրբեջանական կողմի մեղադրանքները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իլհամ Մամեդովը նիստում ցուցմունք է տվել, որ 2002 թվականի մայիսին, Ադրբեջանի զինված ուժերում ծառայության ընթացքում, իրեն գերի են վերցրել հայկական ուժերը։ Մամեդովի խոսքով՝ իրեն «ծեծել և խոշտանգել» են հայ զինծառայողները, այդ թվում՝ Մնացականյանը։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը հաստատել է 2002 թվականին ադրբեջանցի զինվորի գերի վերցնելը։ Մնացականյանը շեշտել է, որ գերու նկատմամբ խոշտանգումներ չեն կիրառվել. նա ձերբակալվել է, հարցաքննվել քննիչների կողմից, ապա հանձնվել համապատասխան մարմիններին։
Նիստում «ընթերցվել» են նաև 2020 թվականի աշնանը և 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ փաստաթղթեր։ Հաջորդ «դատական» նիստը նշանակված է հոկտեմբերի 3-ին։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։






































