Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մերժում է H.R.5632 օրինագծի ընդունումը, որով «օրինականացվում են Ադրբեջանի էթնիկ զտումը և ցեղասպանական ձեռքբերումները»: Այս մասին ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:
«Սա սխալ քայլ է, որն ամրագրում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները՝ օրինականացնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) էթնիկ զտումը և անտեսելով փոխհատուցման օրինական պահանջները, որոնք վերաբերում են արցախցի փախստականներին, հայ գերիներին, քրիստոնեական սրբավայրերին և Ադրբեջանի ռազմական օկուպացիային»,- նշվում է հայտարարության մեջ։
Ըստ Հայ դատի՝ չնայած Կոնգրեսի հայկական հարցերով խմբի երկկուսակցական շարունակական կոչերին, ամերիկահայ համայնքի և դաշնակիցների համառ պայքարին, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի կառուցողական նամակին (2025թ․ սեպտեմբերի 25), H.R.5632-ն ակնհայտորեն չի անդրադառնում մի շարք հարցերի՝
-
Ադրբեջանի կողմից հայ գերիների, քաղաքացիական անձանց և ռազմագերիների անօրինական պահմանը և վատ վերաբերմունքին։
-
Արցախի փախստականների իրավունքին՝ միջազգային պաշտպանության ներքո և հավաքական ձևով վերադառնալու իրենց տները։
-
Ադրբեջանի կողմից քրիստոնեական ժառանգության և քաղաքացիական գույքի ոչնչացմանը։
-
Ադրբեջանի շարունակվող ռազմական օկուպացիային՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներում։
«Ագրեսիան միայն նոր ռազմական գործողություններով սահմանափակելով՝ օրինագիծն անուղղակիորեն հավանություն է տալիս Ադրբեջանի նախորդ ագրեսիային՝ փաստացի օրինականացնելով Արցախի ցեղասպանությունն ու Հայաստանի տարածքների շարունակվող օկուպացիան»,- հայտարարել է Հայ դատը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։






































