Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել արցախահայերի՝ ԼՂ վերադարձին, հայտնում է TACC գործակալությունը։
«Մենք պատրաստ ենք հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է նա։
Դիվանագետը նաև նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ապահովել բոլոր այն հայերի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ ԼՂ՝ «իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ»։
Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության վրա հարձակման հետևանքով ԼՂ-ից ՀՀ էր բռնի տեղահանվել 100 632 մարդ։ 2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում Արցախից բռնի տեղահանված բնակիչներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական:
2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու համար հինգ պայման ապահովել։
Փաշինյանի կարծիքով Հայաստանում քաղբանտարկյալներ չկան
Նախընտրական բանավեճերի ժամանակ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, կրկին սպառնացել է...




































