Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ խնդրելով ականջալուր լինել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խնդրանքին՝ այցելել իրենց ու ավելի մանրամասն տեղեկանալ դատական ամբողջ գործընթացին։
«Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունն ու վճռականությունը՝ այցելելու, նաև մեզ տեսնելու, և այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա և կծանոթանա, թե ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել թե՛ ամբողջ քննությունը, թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով»,- ասել է նա իր ձայնագրության մեջ։
Նա նշել է, որ իր վերջին խոսքում չի կարողացել ասել ամբողջն, ինչ կկամենար, քանի որ նվազագույնը 30-40%-ով այդպես էլ չեն թողել իր վերջնական խոսքն ասել։
«Այս դատը բացված չէ 15 մարդու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ժամանակ դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա»,- վերահաստատել է նա իր ելույթում արտահայտած մտքերը։
Իշխանյանը տեղեկացրել է որ իրենց այցելել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան, և իրենք որոշ տեղեկություններ են փոխանցել նրան։
«Երեկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել»,- պատմել է ԱԺ նախագահը։
Նա խնդրել է Մանասյանին իր կապերով ստանալ այդ վճիռներն ու փոխանցել ընտանիքին։
Վարդանյանն ապրիլի 21-ին ՄԻՊ-ին կոչ էր արել այց կազմակերպել Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու նպատակով։ Մանասյանը, ըստ էության, մերժել էր այդ կոչը՝ պարզաբանելով, որ պաշտպանի գրասենյակի կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ։
Արցախի ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։





































