Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ապրիլի 28-ին Կարսում տեղի է ունեցել համատեղ աշխատանքային խմբի հանդիպում, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ հրապարակման՝ կողմերն ընդգծել են երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը ողջունել է Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը և Հայաստանի ու Թուրքիայի վերջին քայլերը՝ ուղղված տնտեսությունների և ժողովուրդների մերձեցմանը՝ նշելով, որ ձևավորվում է նոր, փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկաս, որը համահունչ է տարածաշրջանում կայունության և բարգավաճման ուղղությամբ ԱՄՆ-ի հանձնառությանը։
Երկաթգծի վերականգնման շուրջ քննարկումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն անվանել է Հարավային Կովկասի կայունության ապահովման կարևոր քայլ և համոզմունք հայտնել, որ «տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ կոնկրետ այս քայլերի ձեռնարկման» հիմքերը նախապատրաստվել էին 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում, որտեղ ՀՀ-ն, Ադրբեջանը և ԱՄՆ-ն ստորագրել էին «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը։
Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիր: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:




































