Օգոստոսի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն Ադրբեջանի օդային տարածքով է ուղևորվել արտասահման և սեպտեմբերի 6-ի գիշերը վերադարձել Հայաստան, հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո Հայաստանի համապատասխան մարմիններն Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար»,- հայտնել է նա։
Բաղդասարյանը հիշեցրել է, որ ադրբեջանական ինքնաթիռները տևական ժամանակ ՀՀ օդային տարածքով ապահովում են հաղորդակցությունն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։
Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը Չինաստանում էին, որից հետո մեկնել էին Ճապոնիա։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից։





































