ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Վաշինգտոնի համաձայնագրից հետո Հայաստանի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը: «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ռուսական իշխանություններին մոտ կանգնած իրենց աղբյուրները վստահեցնում են, որ նրանք խորապես անտարբեր են, թե ինչ է կատարվում Հայաստանում և Հայաստանի հետ:
Ռուսական տարբեր կաբինետներից հայկական տարբեր շրջանակների փոխանցել են, որ իրենք չեն պատրաստվում ինչ-որ քայլեր անել, եթե կատարվածը գոհացնում է հայ ժողովրդին։
Ամերիկյան պայմանավորվածությունների վերաբերյալ Ռուսաստանի նման վերաբերմունքի գլխավոր պատճառն այն է, որ ՌԴ-ում սպասում են, թե ուկրաինական ճակատում ինչ հանգուցալուծում կունենան, հավելել է թերթը:
ՌԴ-ում, ըստ ԶԼՄ-ի, նաև վստահ են, որ վաշինգտոնյան համաձայնագիրն այնքան խութեր ունի, որ դրա իրագործումն ուղղակի անիրատեսական է: Բայց նաև ներքին խողովակներով ՀՀ իշխանություններին հասկացրել են և պաշտոնական հաղորդագրություններում էլ են շեշտում, որ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման հարցում կողմ են իրենց մասնակցությամբ բանակցած եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան





































