Հայաստանի և Վրաստանի վարչապեներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի համար, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։
ՀՀ վարչապետը նաև Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները հրապարակային ողջունելու համար։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ։
Օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին խաղաղության ցանկության մասին հռչակագիր, ինչպես նաև TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարանցիկ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր, որի զարգացումը կապահովվի ամերիկյան կոնսորցիումի վերահսկողության ներքո:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը։ Նույն օրը Հայաստանն Ադրբեջանի հետ համատեղ դիմում էր հղել ԵԱՀԿ-ին՝ Արցախյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու մասին։






































