Հայաստանն իր առջև ԵԱՏՄ-ից «ապահարզանի» նպատակ չունի, ՌԴ-ի հետ հնարավոր «ապահարզանի» խոսույթը խիստ էմոցիոնալ է, Armenia Today-ին այսպես է մեկնաբանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ԵՄ, թե՞ ԵԱՏՄ, նաև ԵՄ ընտրելու դեպքում ՌԴ-ն ու ՀՀ-ն գտնեն «ինտելիգենտ ապահարզանի» ճանապարհ։
Սիմոնյանը նշել է, որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար «պակաս կարևոր չէ, որքան ՀՀ-ի»։
«Չի կարելի քաղաքականության մեջ այդպես էմոցիոնալ ձևով անձնական տրամաբանության մեջ մտնել, կրկնում եմ՝ Հայաստանը լիակատար անդամ է՝ դրանից բխող իրավունքներով և պարտականություններով։ Այնպես որ, կարծում եմ, այդ խոսակցությունները մի քիչ էմոցիոնալ են և այս փուլում խիստ չափազանցված»,- մեկնաբանել է նա։
Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։
Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը քննարկել էին տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման հարցը։ Պուտինը հայտարարել էր՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ ՀՀ-ն շատ մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները։ Ըստ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի՝ Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը Եվրամիությանն անդամակցելու դեպքում։




































