Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի մոտ 23%-ը Եվրամիությանն անդամակցելու դեպքում, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
«Ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ին միանալը, ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, Հայաստանի համար կարժենա ՀՆԱ-ի մոտ 23%-ը, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումը (10,5%-ով) և գնաճը 22,6%-ով կհանգեցնեն կենսամակարդակի զգալի նվազման»,- ասել է նա։
Ըստ Շևցովի՝ ներքին սպառումը կնվազի ներկայիս մակարդակի ավելի քան 20%-ով: Բացի այդ, ԱԽ քարտուղարի համոզմամբ, սպասվում է էներգակիրների, այդ թվում՝ բնական գազի գների հետագա աճ:
Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել էին տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման հարցը։ Պուտինը հայտարարել էր՝ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Փաշինյանն արձագանքել էր, որ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգը համատեղել, Երևանը կհամատեղի:
Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ ՀՀ-ն շատ մոտ է այն կետին, երբ ՌԴ-ն ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները։



































