«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, դաշինքի հրավիրված հավաքին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է: Վստահ եմ՝ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է: Հենց նրանց դեմ եմ պայքարի մեջ մտել նրանց իշխանության գալու առաջին օրերից և չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն»,- իր խոսքում ասել է Քոչարյանը:
Նա նաև ընդգծել է, որ «պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են հազարավոր հերոսների զոհվելու համար, ովքեր հանձնել են Արցախը և ովքեր այսօր ստիպում են ժողովրդին մոռանալ հերոսական պայքարի պատմությունը»:
Նշելով, որ անվտանգությունը կմնա Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն առաջիկա տարիներին, Քոչարյանը շեշտել է, որ երկրին անհրաժեշտ է «մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, որպեսզի համատեղ ուժերով չեզոքացվեն բոլոր սպառնալիքները»:
Նախկին նախագահը նաև հայտարարել է, որ կողմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց նշել է, որ այն պետք է հիմնված լինի իրական անվտանգության երաշխիքների վրա:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ՀՅԴ-ն և Քոչարյանը որոշում են կայացրել շարունակել համագործակցությունը։ Նա նշել է, որ իրենց են միացել նաև «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հասարակական, հանրային գործիչներ։
«Առաջիկա ընտրություններին մենք միասնաբար մասնակցելու ենք «Հայաստան» դաշինքով»,- հավելել է Սաղաթելյանը։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:



































