Քաղաքացիական շարժումից ձևավորված «ՀայաՔվե»-ն հայտարարել է քաղաքական դաշտ մուտք գործելու և առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մասին, ծրագրային ելույթում հայտարարել է շարժման համակարգող Ավետիք Չալաբյան։
Նրա խոսքով՝ ընտրություններին ընդառաջ՝ «ՀայաՔվե»-ն քաղաքական դաշտ է մտնում՝ առաջարկելով «արմատական այլընտրանք» գործող քաղաքական ուղեգծին։ Նա քննադատել է իշխանությունների առաջ մղած «իրական Հայաստան» թեզը՝ այն հակադրելով հայկական պատմական ինքնությանը, արժեքներին և Հայկական լեռնաշխարհի գաղափարին։ Նրա խոսքով՝ շարժման գերագույն նպատակը «հարատև հայկական պետության» կառուցումն է։
Ելույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել անվտանգության հարցը։ Չալաբյանը հայտարարել է, որ Արցախի վերահայացումը լինելու է շարժման քաղաքական ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկը։ Նա ընդգծել է բանակի զարգացումը, ռազմաարդյունաբերության խթանումը, ռազմավարական զսպման կարողությունների ստեղծումը և արտաքին ուժային կենտրոնների հետ հարաբերությունների կառուցումը՝ բացառապես հայկական շահերից ելնելով։
Տնտեսական մասում Չալաբյանը շեշտել է ազատ մրցակցության, օրենքի գերակայության, մակրոտնտեսական կայունության և սեփականության պաշտպանության կարևորությունը։ Նա հայտարարել է նոր ատոմակայանի կառուցման, արևային էներգետիկայի զարգացման, գիտության և տեխնոլոգիաների պետական ներդրումների աճի, սահմանամերձ մարզերում աշխատատեղերի ստեղծման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մասին։
Ելույթի ավարտին Չալաբյանը հայտարարել է, որ «ՀայաՔվե»-ն պատրաստ է ստանձնել երկրի ապագայի համար քաղաքական պատասխանատվություն և, միաժամանակ, բաց է գաղափարակից ուժերի հետ նախընտրական դաշինք ձևավորելու համար՝ նպատակ ունենալով իրականացնել իշխանափոխություն և ձևավորել կայուն ազգային իշխանություն։
Չալաբյանը հիշեցրել է, որ «ՀայաՔվե»-ն ստեղծվել է 2023 թվականի ապրիլին՝ որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով օրենսդրական ճանապարհով կանխել Արցախի՝ Ադրբեջանի կազմում ներառման գործընթացը, իսկ 2024 շարժումը վերակազմավորվել է ազգային քաղաքացիական միավորման՝ իր վրա վերցնելով ավելի լայն օրակարգ՝ ազգային ինքնության, ժողովրդավարության, քաղաքացիների իրավունքների, սոցիալական և անվտանգության խնդիրների պաշտպանության ուղղությամբ։
2023 թվականի մայիսի 23-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումը հանդես էր եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար քրեական պատիժներ նախատեսելու համար։ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել «Հայաքվեի» նախագծին։
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության մասին հայտնել էին «Ուժեղ Հայաստանը», Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այլն:




































