«Առաջարկ Հայաստանին» շարժման հիմնադիր, գործարար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններին իր բերած ուժը որակել է որպես «քաղաքական Նոյյան տապան»։
«Միայնակ փրկվել հնարավոր չէ։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել։ Մեր խնդիրներն այնքան խորն են, վիճակը՝ այնքան բարդ, որ այլ մոտեցում է պետք»,- գրել է Ծառուկյանը Ֆեյսբուքում։
Ծառուկյանի խոսքով՝ որևէ մեկն իրեն չի դիմել ցուցակում այս կամ այն տեղն զբաղեցնելու համար, և իր համար սա շատ կարևոր է։
«Ես իմ մեջ ունեի որոշում, որ ով էլ դիմեր նման հարցով՝ անկախ իր արժեքից, իր գիտելիքներից, ասելու էի՝ ցտեսություն, քեզ համար տեղ չկա։ Հիմա մանդատակռվի ժամանակը չէ»,- նշել է նա։
Գործարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել յուրաքանչյուրի հետ, ով պատրաստ է քրտնաջան աշխատել, և կիսում է ծրագրի գաղափարները։
«Պատրաստ եմ ստեղծելու հնարավորություններ՝ գիտելիք, սկզբունքներ, կամք, ունակություն, աշխատասիրություն ունեցող անհատների և միավորների համար։ Այս հայտարարությունն օրեր առաջ պաշտոնապես արել եմ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ Ասել եմ՝ ձերն է ապագան, դուք եք երկրի տերը՝ ձեր փայլուն առաջարկներով, ձեր խանդավառությամբ, ձեր՝ երբեք չկոտրվելու վճռականությամբ. եկե´ք, կպեք գործին»,- շեշտել է նա։
Ծառուկյանը հայտարարել էր 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։




































