Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շուրջ երեք տարվա քննարկումներից հետո ավարտել էին 2025 թվականի մարտի 13-ին: Երևանն ընդունել էր երկու չհամաձայնեցված կետի շուրջ ադրբեջանական կողմի պահանջները:
Ավելի ուշ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրել էին խաղաղության նոր քաղաքական հայտարարություն, նախաստորագրվել էր խաղաղության պայմանագրի տեքստը։
Առաջիկայում, ինչպես նշում են կողմերը, նախատեսում են այդ համաձայնագիրը նաև պաշտոնապես ստորագրել՝ ամբողջապես ուժի մեջ մտնելու համար։
Պաշտոնական հայտարարություններում շարունակում են խոսել բանակցությունների առաջընթացից, իսկ տարբեր կողմերից հնչում են գնահատականներ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն 2026 թվականին, ինչը նաև կասկածի տակ է դրվում: Անցյալի փորձը, չլուծված հարցերը և փոխադարձ անվստահությունը փորձագիտական շրջանակներում կասկածներ են առաջացնում՝ արդյոք այս անգամ գործընթացը կհանգեցնի՞ իրական ու կայուն արդյունքի։
Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում՝ անցորդներից հետաքրքրվելով՝ ըստ իրենց՝ Հայաստանն ու Ադրբեջանը 2026 թվականին խաղաղության պայմանագիր կստորագրե՞ն, թե՞ ոչ:
Հարցման մասնակիցների մեծամասնությունն ասել է՝ չեն հավատում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ու դրա կիրառման հնարավորությանը:
«Դա պատերազմի հետ կապ ունի՞, ի՞նչ կապ ունի՝ դա կա, թե չէ, երբ պետք լինի, պատերազմ կսարքեն: Դրանք մեծերի խաղալիքներն են, ոնց ուզեն՝ կանեն»,- ասել է քաղաքացիներից մեկը:
Մյուսն էլ, հիշեցնելով երկարատև հակամարտությունն, ընդգծել է. «Թուրքից խաղաղություն չենք սպասում, թուրքը մեր հազար տարվա թշնամին է»:
Քաղաքացիներից ոմանք էլ նշել են, որ կողմ կլինեին խաղաղության պայմանագրին, եթե այն հավասարազոր լիներ:
Մանրամասները՝ տեսանյութում:



































