ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանում նույնպես տեղի կունենա։ Նա այս մասին հայտարարել է կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։
«Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն։ Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից էլ Ադրբեջան արտահանում կլինի»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ այդ թեմայով պաշտոնական քննարկումներ չկան ու չպետք է լինեն, քանի որ քաղաքական արգելքի բացակայության պայմաններում բիզնեսները պետք է պայմանավորվեն իրար հետ։
«Ու եթե պարզվի, որ կառավարությունը պետք է ինչ-որ բան անի, որ այդ պայմանավորվածությունն ի կատար ածվի, մենք դա կանենք»,- նշել է Փաշինյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ Փաշինյանը հայտնել էր, որ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմաններն են, որ հնարավորություն են ստեղծել այդ առևտրի համար։
Ran Oil-ը դեկտեմբերի 23-ին սկսել էր ադրբեջանական բենզինի վաճառքը: Նշենք, որ «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն կառավարում է Ran Oil ավտալցակայանների ցանցը, այն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Կապիտալ»-ի կազմում է։ «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը փոխանցել էր, որ ադրբեջանական վառելիքը վաճառվում է 430 դրամով՝ նախապես հայտարարված 440-ից ավելի էժան:



































