Նոյեմբերի 17-ին Երևանի Հայ-արգենտինական թիվ 76 դպրոցի հարակից տարածքից 13-ամյա Հ․ Ն․-ին դանակահարված վիճակով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, գրել է Shamshyan.com-ը՝ հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ տղային հիվանդանոց են տեղափոխել «աջ բազկի 1/3-դի կտրած վերք» ախտորոշմամբ։
«Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, դասերից հետո նույն դպրոցի հարակից տարածքում տղայի ընկերը դանակը հանել է գրպանից և կատակելով կատարել ձեռքի անկանոն շարժումներ, որի ընթացքում դանակը պատահաբար դիպչել է նրա ձեռքի բազկի հատվածին՝ պատճառելով վնասվածք»,- հավելել է կայքը։
Վնասվածքը, կայքի տվյալներով, պատճառել է Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Հ․-ն, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։



































