Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից կրկին տեղափոխել են Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Փաստաբանը հավելել է, որ այս պահին գնում է տեսակցելու իր պաշտպանյալին, որից հետո միայն կարող է Ղուկասյանի առողջական վիճակի մասին տեղեկություններ տրամադրել։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Փաստաբանները հոկտեմբերի 26-ին հայտնել էին Ղուկասյանի դեմ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նոր գործի մասին՝ Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ դաշինքի մասին նրա հայտարարությունների պատճառով։
Նոյեմբերի 6-ին փաստաբանը տեղեկացրել էր նրա առողջական վիճակի վատթարացման և հիվանդանոց տեղափոխելու մասին։





































