Կտրուկ վատացել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, նա հոսպիտալացվել է, հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի անձնակազմն անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն, այնուամենայնիվ, որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ»,- հավելել է Փոստանջյանը։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Փաստաբանները հոկտեմբերի 26 -ին հայտնել էին Ղուկասյանի դեմ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նոր գործի մասին՝ Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար՝ Ռուսաստանի և Բելառուսի հետ դաշինքի մասին նրա հայտարարությունների պատճառով։





































