ՀՀ կառավարությունը Հայաստանի շահերը միջազգային դատարաններում և արբիտրաժներում պաշտպանելու համար գործադիրի պահուստային ֆոնդից ավելի քան 1 մլն դոլար կհատկացնի, նախագիծը հավանություն ստացավ կառավարության նոյեմբերի 6-ի նիստում։
Նախագծով, որը հեղինակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, 1 129 803 դոլար կտրամադրվի «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» ծրագրի շրջանակում։
Աշխատակազմից նշել են, որ նախագծի ընդունումը չի առաջացնի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կամ եկամուտների փոփոխություն։ Ընդգծել են, որ նախագծի նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական և իրավական շահերի պաշտպանությունն ու միջազգային իրավական ռեժիմի ամրապնդումն է։
Նախագծում նշված չէ, թե գումարը ո՞ր գործի համար է նախատեսված, բայց հիշեցնենք, որ կառավարության դեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հարցով արբիտրաժային հրատապ հայց էր ներկայացրել ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող Liormand Holdings Limited-ը։
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Օգոստոսին կառավարությունը որոշել էր ՀԷՑ-ի գործով իր շահերը պաշտպանելու համար ավելի քան 3 մլն դոլարի պայմանագիր կնքել ամերիկյան ընկերության հետ։






































