ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է հոգևորականներին բերման ենթարկելու ընթացքում արձանագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացմանը խոչընդոտող դեպքերը։
Խորհուրդը հիշեցրել է, որ հոկտեմբերի 15-ի առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները խուզարկություններ են կատարել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ (Հայկ-աշխարհիկ անունը-խմբ.) Պռոշյանի, ինչպես նաև այլ հոգևորականների և թեմի աշխատակիցների բնակարաններում: Խուզարկությունները կատարելուց հետո հոգևորականներին և այլ անձանց փաստացի բերման են ենթարկել, թեև հետագայում հայտարարվել է, որ նրանք վկայի կարգավիճակ ունեն:
Փաստաբանների պալատի խորհուրդը նշել է, որ Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրի մասին տեղեկությունը պարզվել է միայն ժամը 16:30-ի սահմաններում՝ ՄԻՊ-ի ներկայացուցիչների միջոցով: Մյուս հոգևորականներին և այլ քաղաքացիներին, որոնց նույնպես վաղ առավոտյան փաստացի բերման են ենթարկել, հնարավորություն չի տրվել փաստաբանների հետ տեսակցել:
Պալատի խորհուրդն անթույլատրելի է համարել վարույթն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց նման վարքագիծը և շեշտել է, որ այն կոպտորեն խախտում է անձանց ՀՀ սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքներ:
Պալատի խորհուրդը որոշել է իրազեկել ՀՀ գլխավոր դատախազությանը և իրավասու միջազգային կառույցներին մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին:
Հոկտեմբերի 15-ին լուսադեմին ուժայինները խուզարկություններ էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։ Դրա առիթ են դարձել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Արամ քահանա Ասատրյանի կողմից տարածված տեղեկությունները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը, 12 քահանա, ինչպես նաև թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին մանրամասնել էին, որ կատարել են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր երեք անձի ձերբակալության ու երկու տասնյակից ավելի խուզարկությունների մասին։




































