Անձի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից՝ անդրադառնալով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանի մահվան վերաբերյալ հարցմանը։
ՔԿ-ից մանրամասնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով-AT):
Ավագյանի մարմինը սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսության շենքում։ Ավագյանն աշխատել էր ՌԴ «Ռոսրեեստր»-ի և «Ռոսիմուշչեստվոյի» տարածաշրջանային գրասենյակներում։ 2022-ին ՀՀ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Ավագյանի նկատմամբ՝ փողերի լվացման մեղադրանքով։ Մահից ժամեր առաջ Ավագյանը տեսաուղերձով հայտարարել էր, որ ցանկանում է արտահանձնվել ՀՀ ու չի խուսափում պատժից։
Նրա փաստաբան Նատալյա Չերնիկովան հայտարարել էր, թե չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանության վարկածին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել էր սպանության վարկածը:






































