«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ՀԾԿՀ ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում կներկայացնի, սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
Նրա խոսքով՝ փաստաբաններն ուսումնասիրում են Մեսրոպյանի գործողությունները, և դրանք լուրջ խախտման նշաններ ունեն։ Փաստաբանը հավելել է՝ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման հրապարակումից հետո պաշտպանությունը կապ է հաստատել ՀԾԿՀ ղեկավարի հետ, նամակ ուղարկել կառավարություն՝ պահանջների կատարման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ խնդրելով։
Կառավարությունից պատասխանել են, որ որոշումը պարտադիր է կատարման համար, և ժամանակավոր կառավարչի լիազորությունները պետք է կասեցվեն, սակայն Մեսրոպյանը բոլորովին այլ պատասխան է տվել, որը որևէ կապ չունի արբիտրաժային որոշման հետ։
Ֆերոյանի խոսքով՝ դա պաշտոնեական դիրքի չարաշահման տարրեր է պարունակում, որի համար կներկայացնեն հաղորդում։
Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։ Ընկերությունը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել էր իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքով:
Կառավարության դեմ ՀԷՑ-ի պետականացման հարցով արբիտրաժային հրատապ հայց ներկայացրել էր Կարապետյանին պատկանող Liormand Holdings Limited-ը։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։


































