Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության առնչությամբ Քննչական կոմիտում քրեական վարույթ է հարուցվել, Armenia Today-ին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Խոսնակը հաստատել է, որ դեպքի հետևանքով կա մահացած անձ և վիրավոր։
Քրվարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 10 տարի ժամկետով-խմբ․), 335-րդ հոդվածով (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, առավելագույն պատիժն ազատազրկում` 5 տարի ժամկետով-խմբ․), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, առավելագույն պատիժն ազատազրկում` 8 տարի ժամկետով-խմբ․), և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության հանցափորձ):
«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, կայքին հայտնել էր, «զոհվածն իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը»: Ըստ Ախտոյանի՝ «վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն»: